
Կարեն Օհանյան
Չառլիի երազը
Կուրատոր Թամար Հովսեփյան
Արահետ Coffee Bar, Հ. Քոչար 13, Երևան
Ապրիլ 15 – Մայիս 24, 2026
Բացումը Ապրիլի 15, 18:00
Կարեն Օհանյանի “Չառլիի երազը” հանդարտ, սակայն փիլիսոփայական լարումով հագեցած մտորում է ընկերության, բնության և ժամանակակից կյանքի հակասությունների շուրջ։ Նուրբ գծանկարներից և կոլաժներից կազմված այս շարքը ստեղծվել է երբ նկարիչը և իր շունը՝ Չառլին, մեկուսացված ապրել են Հայաստանի Քաղսի գյուղում։ Քաղաքային կյանքի աղմուկից և արագությունից հեռու այս ինտիմ տարածքում արվեստագետը ստեղծում է ոչ միայն շան դիմանկար, այլև մի ենթագիտակցություն՝ երազող սուբյեկտ, որի ներքին կյանքը դառնում է մարդու արժեքները վերաիմաստավորելու միջոց։
Կենտրոնանալով մարդու և նրա ընկեր կենդանու միջև խորը զգացմունքային կապի վրա՝ աշխատանքները դիտողին հրավիրում են խորհելու խնամքի, պատասխանատվության և կենդանի էակների միջև կապերի մասին։ Սակայն այս հարաբերական շրջանակից դուրս կա նաև ենթագիտակցական շերտ։ Չառլին ներկայանում է ոչ միայն որպես ընկեր, այլև որպես մտածող։ Պատկերելով շանը քնած, վազքի մեջ, խաղալիս, ինչպես նաև ինքնադիմանկարի վրա լուսապսակի պես արվեստագետի գլխավերևում ննջելիս, Օհանյանը ստեղծում է մի երազային աշխարհ, որտեղ Չառլին երևակայում է գոյության այլ ձևեր։ Այնուամենայնիվ այս երազը միանշանակ չէ․ այն կառուցված է երկակիության վրա՝ Չառլին երազում է դառնալ ցինիկ։
Ցինիզմ բառը գալիս է հին հունարենից՝ κυνισμός (kynismós): Արմատը՝ κύων (kyon) նշանակում է շուն: Ի տարբերություն ժամանակակից բացասական իմաստի՝ ցինիզմը հին աշխարհում արմատական բարոյական փիլիսոփայություն էր։ Այն քարոզում էր ապրել բնության հետ ներդաշնակ, մերժել նյութական ավելցուկը և ստեղծել առաքինության, ազնվության և անկախության վրա հիմնված կյանք։ Ցինիկը ազատություն էր փնտրում ոչ թե կուտակման, այլ հրաժարման միջոցով։ Հարստությունը, իշխանությունը և սոցիալական դիրքը դիտվում էին որպես շեղող, արհեստական կառուցվածքներ, որոնք խաթարում էին բնությանը համահունչ պարզ կյանքի հնարավորությունը։
Չառլիի երազում այս հին փիլիսոփայությունը վերաիմաստավորվում է շան գիտակցության միջոցով։ Առաջին հայացքից Չառլիի երազը համընկնում է դասական ցինիզմի հետ․ նա մերժում է մարդկային հասարակության արհեստականությունը՝ սպառման մոլուցքը, հիերարխիկ կառուցվածքները, անդադար «ավելին» ցանկանալու ձգտումը։ Շարքում կրկնվող գյուղական պատկերներում՝ դաշտերում, համեստ բնակավայրերում, բաց հորիզոններում, Չառլին թվում է հանգիստ ու ներդաշնակ՝ մարմնավորելով բնական և բավարար գոյության վիճակ։ Գյուղը դառնում է ոչ միայն միջավայր, այլև փիլիսոփայական տարածք, որտեղ ժամանակավորապես կասեցվում են մեր ժամանակի ավելորդությունները:
Սակայն հենց այստեղ է, որ բացահայտվում է հիմնական հակասությունը։ Չառլիի ցինիզմը, թեև արմատավորված է հին բարոյական իդեալում, անցում է կատարում դեպի իր ժամանակակից իմաստը։ Եթե հասարակությունը ամբողջությամբ ապականված և արհեստական է, ապա ի՞նչ է մնում։ Արդյոք բնությանը վերադարձը իրական լուծո՞ւմ է, թե՞ ևս մեկ պատրանք։
Այս երկիմաստությունը խորանում է Չառլիի սեփական վիճակով։ Ի տարբերություն Երևանի թափառող շների՝ Չառլին արտոնյալ էակ է․ նա խնամված է, սիրված և պաշտպանված։ Նրա «մերժելու» կարողությունը պայմանավորված է հենց այն համակարգերով, որոնք նա քննադատում է։ Նա կարող է երազել ազատության մասին, քանի որ ապահովված է։ Այս հակասությունն է շարքի առանցքը․ Չառլիի երազը բացահայտում է ազատության անհավասար բաշխվածությունը։
Գծանկարները նրբորեն ընդգծում են այս լարվածությունը։ Նուրբ, գրեթե անվստահ գիծը հաղորդում է փխրունություն՝ կարծես երազը ցանկացած պահի կարող է ցրվել։ Նույնիսկ այն պատկերում, որտեղ Չառլին հանդես է գալիս որպես լուսապսակ, իմաստը մնում է բաց․ արդյոք նա ուղեցույց է՝ դեպի ավելի իսկական կյանք, թե՞ իդեալականացված պատկեր, որի միջոցով նկարիչը առերեսվում է իր սեփական կասկածների հետ։
Կարեն Օհանյանի աշխատանքը այսպիսով գործում է հետմարդկային շրջանակում` կենտրոնանալով կենդանու տեսանկյան վրա և ապակայունացնելով մարդուն որպես հիմնական մտածող սուբյեկտ։ Չառլին ոչ միայն դիտարկվում է, այլև դիտում է․ նա երազում է, խորհում և քննադատում։ Սա հրավեր է վերաիմաստավորելու մարդու և ոչ մարդու, մշակույթի և բնության սահմանները՝ ցույց տալով, որ մեր առջև կանգնած էթիկական հարցերը ավելի լայն հարաբերական դաշտի մաս են։
Ամենանշանակալի գաղափարներից մեկն այն է, որ նույնիսկ երազելը կարող է արտոնություն լինել։ Սպառողականությամբ ձևավորված հասարակությունում այլընտրանքներ երևակայելու հնարավորությունն ինքնին անհավասար է բաշխված։ Նրանց համար, ովքեր պայքարում են տարրական գոյության համար, այդ տարածքը սահմանափակ է։ Այս առումով Չառլիի երազը միաժամանակ ձգտում է և քննադատություն։
Այսպիսով, “Չառլիի երազը” հին փիլիսոփայության և ժամանակակից իրականության, արտոնության և զրկանքի, մարդու և ոչ մարդու միջև հակասությունների երազ է։ Չառլիի կերպարի միջոցով արվեստագետագետը հրավիրում է վերանայել մեր սեփական կյանքը՝ ավելորդությունները, համակարգերը և դրանցից դուրս գտնվող հնարավորությունները։
Ի վերջո, Չառլիի երազը միայն նրա մասին չէ։ Այն ընդհանուր երազ է՝ փխրուն, հակասական և անհրաժեշտ։